Մենք տարին սկսել ենք համաշխարհային ռեկորդ գրանցելով
Օգոստոսի 29-ին Երևանում տեղի ունեցավ մեր ավիաընկերության տնօրեն Նաիրի Բարսեղյանի կողմից օդապարիկով ամենաերկարատև առանց վայրէջքի թռիչքի ռեկորդ սահմանելու կապակցությամբ Համաշխարհային ավիացիոն սպորտաձևերի ֆեդերացիայի կողմից վկայականի հանձման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը մասնակցում էին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը, Քաղավիացիայի կոմիտեի ներկայացուցիչ Արամ Եղոյանը և բազմաթիվ այլ հյուրեր:
Փետրվարի 16-17-ին Նաիրի Բարսեղյանի և Ռուսաստանի Օդագնացության ֆեդերացիայի անդամ Սերգեյ Բաժենովի կողմից իրականացվել է օդապարիկով առանց վայրէջքի ամենաերկարատև ՝ 34 ժամ 39 րոպե, թռիչք: Վերջինս ներկայացվել էր Համաշխարհային ավիացիոն սպորտաձևերի ֆեդերացիային՝ որպես համաշխարհային ռեկորդ գրանցելու համար:
Մի քանի ամիս տևած դիտարկումներից հետո Ֆեդերացիայի կողմից տրվել է դրական եզրակացություն, և առաջին անգամ Համաշխարհային ավիացիոն սպորտաձևերի ֆեդերացիան գրանցել է Հայաստանի կողմից իրականացված համաշխարհային ռեկորդ:
Հանդիսավոր արարողությամբ ավիաընկերության հիմնադիր Նաիրի Բարսեղյանին հանձնվեց համապատասխան վկայականը։
«Ես սա համարում եմ մեր միասնական հաղթանակը, քանի որ այս թռիչքով ոչ միայն ապացուցեցինք, որ մեզ համար չկան անհասանելի նպատակներ, այլ նաև որ մենք կարողություն ունենք նորանոր հաղթանակներ ուրվագծելու համար: Նշաձողն արդեն սահմանված է և այն պետք է հետևողականորեն բարձրացնենք»,- իր խոսքում նշեց Նաիրի Բարսեղյանը:
Այս նվաճումը մեր ընկերության համար նոր մոտիվացիա է շարունակելու միջազգային հանրության և տեղացիների համար բացահայտել Հայաստանի Հանրապետության օդագնացության պոտենցիալը։